Ընտրություններ 2012. Ըստ Սարգսյանի՝ ընտրակաշառք ստացած անձինք կազատվեն պատասխանատվությունից, եթե իրազեկեն իրավապահ մարմիններին

Ընտրություններ 2012. Ըստ Սարգսյանի՝ ընտրակաշառք ստացած անձինք կազատվեն պատասխանատվությունից, եթե իրազեկեն իրավապահ մարմիններին

Photolure

Սերժ Սարգսյան

Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի տասնութերորդ օրն ուշադրության կենտրոնում էին որոշ կուսակցությունների և թեկնածուների կողմից ենթադրաբար առաջարկվող ընտրակաշառքները, ինչպես նաև քրեական հանցանք համարվող երևույթի դեմ պայքարի միջոցները մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ:
Արթուր Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյան (ձախ), Սամվել Ալեքսանյան


Չորեքշաբթի Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է հնարավոր ընտրակաշառքների դեմ պայքարն ավելի արդյունավետ անցկացնելու եղանակները: Ընդդիմությունն ու որոշ լրատվամիջոցներ պարբերաբար բարձրաձայնում են, որ արատավոր այս երևույթը կխոչընդոտի առաջիկա ընտրություններն արդար անցկացումը:

«Անշուշտ, այս բացասական երևույթը լրջորեն ստվերում է ցանկացած ընտրության օրինականությունը, և ժողովրդավարական ու իրավական յուրաքանչյուր պետության կարևորագույն խնդիրն է չեզոքացնել նման անցանկալի ազդեցությունն ու ապահովել ազատ և արդար ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը»,- հանդիպման ժամանակ ասել է նախագահը՝ հավելելով, որ ընտրակաշառք ստացած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե իրազեկեն իրավապահ մարմիններին: (ՀՀ օրենդրությամբ՝ և՛ ընտրակաշառք տվողը, և՛ վերցնողը ենթակա են պատասխանատվության:)

Մայիսին կայանալիք ընտրությունների ժամանակ հնարավոր ընտրակաշառքների մասին խոսվում էր դեռևս քարոզարշավից առաջ: Դեռևս մարտի սկզբին լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում էր այն լուրը, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը կանանց տոների կապակցությամբ՝ իբրև նվեր, մոշի ու դդմի մուրաբա է բաժանել: Կուսակցությունը, սակայն, հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ դրանք եղել են պարզապես նվերներ՝ բաժանված իրենց կին կուսակիցներին: Կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ դա արվել է նախքան քարոզարշավի պաշտոնական մեկնարկը՝ ապրիլի 8-ին:

Արդեն քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մարզերում ավտոտրանսպորտային պարկ է ստեղծում՝ գյուղացիներին տրամադրելով տրակտորներ և այլ գյուղտեխնիկա: Սակայն կուսակցության անդամներն ասում են, որ դա ընտրությունների հետ կապ չունի, և, անկախ ընտրությունների արդյունքներից, շարունակվելու է մարզերում ավտոտրանսպորտային պարկի համալրումը: Սակայն ոմանք հակադարձում են՝ ասելով, որ սա հավասարազոր է ձայներ գնելուն, քանի որ այս քայլն առնչվում է ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ:

«Եթե ԲՀԿ-ն այս 5 տարիներին ձեռքերը ծալած նստած լիներ և ոչինչ արած չլիներ հայ գյուղացու համար, և հանկարծ ընտրության այս նախաշեմին ինչ-որ պարարտանյութ բաժաներ կամ տրակտորներ, ես կհասկանայի ձեր քննադատությունը: Բայց չմոռանանք, որ այս 5 տարիների ընթացքում կուսակցությունը, [Գագիկ Ծառուկյան] բարեգործական հիմնադրամը միշտ էլ ժողովրդի կողքին են եղել, բազմաթիվ բարեգործական աշխատանքներ են արել»,- ասում է կուսակցությանը վերջերս անդամագրված, կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Իսկ արդեն այս շաբաթվա սկզբին՝ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ընդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից պաշտպանվող «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նույն ընտրատարածքում առաջադրված մեծահարուստ գործարար Սամվել Ալեքսանյանը երևանյան դպրոցներից մեկի շրջանավարտներին խոստացել է, որ իրենց վերջին զանգի արարողությունը (մայիսին) անվճար կանցկացնի իրեն պատկանող շքեղ ռեստորանում: (Օրինախախտում է համարվում ոչ միայն առձեռն ընտրակաշառքը, այլև դրա խոստանալը:) Փաշինյանը պնդում է, որ բազմաթիվ վկայություններ կան Ալեքսանյանի կողմից օրինախախտման վերաբերյալ, այդ թվում՝ աշակերտների և ուսուցիչների վկայությունները: Նա պահանջում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից Ալեքսանյանի թեկնածության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան:

Չորեքշաբթի Ալեքսանյանի ընտրական շտաբը հերքում էր տարածել ընտրակաշառքներ բաժանելու լուրերի մասին՝ հայտարարելով, որ Փաշինյանի պնդումներն ամբողջովին հիմնազուրկ են:

Սակայն մինչ թեկնածուները վստահեցնում են, որ ընտրակաշառքներ չկան, այնուամենայնիվ բնակչության շրջանում շարունակում է շրջանառվել կաշառք վերցնելու թեման: Շատ քաղաքացիներ նույնիսկ չեն էլ թաքցնում, որ պատրաստվում են իրենց ձայնի գինը սակարկել այս կամ այն թեկնածուի ներկայացուցչի հետ:

«Ով տան կոմունալ վճարները կանի, նրան էլ կընտրենք: Ամբողջ շենքն էլ դրան ա սպասում, ով ինչ ուզում ա` թող ասի»,- ասում է երկու երեխաների մայր, 38-ամյա Արմինե Սահակյանը:

Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ նույնպես բարձրաձայնել են ընտրակաշառքի թեման՝ հորդորելով մարդկանց քվեարկել իրենց խղճի մտոք: Հանդիպումների ընթացքում նրանք շեշտել են, որ գաղտնի քվեարկության սկզբունքը հնարավորություն չի տալիս կաշառք տվողներին վերահսկելու ընտրության գործընթացը ընտրատեղամասում:

Չորեքշաբթի Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանը նույնպես անդրադարձել է ընտրակաշառքների թեմային:

«Այսօր տարբեր մարզերում ցուցակագրում են, փորձում են փողով գնել նրանց քվեները, դիմում եմ այդ մարդկանց, որոնք փողը վերցնելու են, հորդորում եմ` գոնե ճիշտ ընտրություն անեն»,- հայտարարել է Բաղդասարյանը:
Inside Armenianow