Մշտադիտարկման ամփոփումը. ըստ զեկույցի՝ վերջին խորհրդարանի աշխատանքներն անարդյունավետ էին

Մշտադիտարկման ամփոփումը. ըստ զեկույցի՝ վերջին խորհրդարանի աշխատանքներն անարդյունավետ էին

Photolure

Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է չորրորդ գումարման խորհրդարանի (2007-2012) հնգամյա գործունեության արդյունքները: Մոնիթորինգի նպատակն էր` նպաստել այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որում ընտրություններին մասնակցող կողմերը գիտակցեն իրենց պատասխանատվությունը և հաշվետու լինեն ընտրողների առջև:

Չորրորդ գումարման ԱԺ-ը հինգ տարվա ընթացքում գումարել է 46 հերթական, 17 արտահերթ, 2 հատուկ նիստեր և 9 արտահերթ նստաշրջաններ: Ընդունվել է 1412 օրենք, որոնցից 200-ի հեղինակները պատգամավորներն են, իսկ 1200-ը` ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնություններ:

«Օրենսդրական գործառույթի իրականացման ընթացքում խորհրդարանի մասնակցությունը սահմանափակվում է ընդամենը 15 տոկոսով: Որոշ դեպքերում ԱԺ մեծամասնությունը և կառավարությունը հանդես են եկել իբրև համահեղինակներ, այսինքն` իրականում խորհրդարանի ցուցանիշն ավելի ցածր է»,- ասում է մոնիթորինգն իրականացրած «Մանդատ» տեղեկատվական ՀԿ նախագահ Լուսինե Վասիլյանը:

Մոնիթորինգն իրականացվել է նաև «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կենտրոնի փորձագիտական խմբի համագործակցությամբ:

Չորրորդ գումարման ԱԺ-ն հնգամյա գործունեության ընթացքում 126 անգամ փոփոխել է հարկային օրենսդրությունը, 40 անգամ՝ քրեական օրենսգիրքը, 22 անգամ` քաղաքացիական օրենսգիրքը, 18 անգամ` քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, 13 անգամ՝ ԱԺ կանոնակարգը, 7 անգամ՝ ընտրական օրենսգիրքը, 5 անգամ՝ «Հոգեբուժության օգնության մասին» օրենքը, 3 անգամ՝ «Ժողովներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքը:

Այս ԱԺ-ում քննարկված առաջին օրինագիծը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններն էին, որոնցով դադարեցվում էր «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակումը Հանրային ռադիոյով, վերջինը` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որով թույլատրվում էր զինված ուժերի մասնակցությունը ներքաղաքական իրողություններում: Երկուսն էլ կառավարության նախաձեռնություններն էին և քննարկվեցին հատուկ կարգով:

Փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, անդրադառնալով մեդիադաշտին վերաբերող ԱԺ գործունեությանը, նշում է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը բազմիցս ենթարկվել է փոփոխությունների:

«Վերջին խմբագրման շուրջ լուրջ քննարկումներ եղան, սակայն այն, ի վերջո, ընդունվեց սկզբնական տեսքով: Մեդիայի ոլորտին վերաբերող մյուս կարևոր օրենքը զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացման մասին օրենքն էր, որը ևս լուրջ քննարկումների առարկա դարձավ՝ ընդհուպ հայտնվելով ՄԻՊ-ի և Սահմանադրական դատարանի ուշադրության կենտրոնում»,- ասում է նա:

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ խիստ կասկածելի է համարում «Արտակարգ ռեժիմի դրության մասին» ընդունած օրենքը` նշելով, որ գուցե այն նախապատրաստում է համապետական ընտրություններից հետո լուրջ բախումների:

«Վիճահարույց օրենք է, քանի որ գործելու լայն դաշտ է տրվում զինված ուժերին: ԱԺ վերջին հինգ տարիների գործունեության արդյունքում մեծապես սահմանափակվել են նաև ցույցերի և հանրահավաքների անցկացման ազատությունները»,- ասում է իրավապաշտպանը:

Անցկացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ ԱԺ-ում ամենաշատ ելույթ ունեցողները «Ժառանգություն» կուսակցությունից են, ամենաշատ կողմ քվեարկողները` ՀՀԿ-ից, նրանց «կողմ» քվեարկությունների ընդհանուր թիվը վերջին չորս նստաշրջաններում կազմել է 23.289: «Դեմ» քվեարկությունների ժամանակ ավելի ակտիվ են եղել ընդդիմադիր կուսակցությունները։ Ըստ այդմ՝ ՀՅԴ ներկայացուցիչներից յուրաքանչյուրը դեմ է արտահայտվել 31 անգամ, «Ժառանգությունը»՝ 36: ՀՅԴ պատգամավորների մոտ առավել ակտիվություն է գրանցվել կոալիցիայից դուրս գալուց հետո:

Այնուհանդերձ ընդդիմադիր խմբակցությունների «դեմ» քվեարկությունները էական ազդեցություն չեն ունեցել, բացառությամբ մի քանի դեպքերի, երբ, քվեարկությանը չմասնակցելով, կարողացել են քվորումի խնդիր ստեղծել և տապալել օրինագծերի ընդունումը:

ԱԺ նիստերից ամենաշատը բացակայել են գործարար պատգամավորները: ԱԺ պատգամավոր հանրապետական Ռուբեն Հայրապետյանը 238 նիստից մասնակցել է միայն մեկին և չի քվեարկել ոչ մի օրինագծի համար:

Ծրագրի հեղինակները փաստում են, որ գործող խորհրդարանն իր օրենսդրական գործառույթն իրականացրել է ոչ լիարժեք և փաստացի կախվածության մեջ է եղել գործադիր իշխանությունից: Այն ոչ լիարժեք է իրականացրել իր վերահսկողական գործառույթը: Պետական անկախ մարմինների`ԱԺ-ին ներկայացրած տարեկան հաշվետվություններն ընդունվել են անվերապահորեն: ԱԺ-ն ոչինչ չի արել տվյալ ոլորտներում առկա ուսումնասիրության համար:

Սահմանադրությամբ ԱԺ-ն իրավունք ունի ժամանակավոր հանձնաժողովներ ձևավորելու` հասարակական կարևորություն ունեցող որևէ կոնկրետ խնդրի վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: Խորհրդարանն այդ հնարավորությունից օգտվել է խիստ հազվադեպ և գրեթե զրոյական արդյունքներով:

Ծրագրի ամբողջական արդյունքները տեղադրված են http://parliamentmonitoring.am կայքում:
Inside Armenianow